Ճապոնիայի Կենտրոնական բանկը լրացուցիչ 10 տրիլիոն յեն է (130 մլրդ դոլար) թողարկելու ակտիվներ գնելու համար, գրում է lenta.ru-ն: Լրացուցիչ 10 տրիլիոնը ծախսվելու է երկարաժամկետ պարտատոմսերի գնման համար: Միեւնույն ժամանակ Ճապոնիայի ԿԲ-ն պահպանել է բազային տոկոսադրույքը տարեկան 0-0.1%-ի մակարդակում:
Ռոյթերը գրում է, որ Ճապոնիայի բանկի տնօրենների խորհուրդը շուկայի համար նման անսպասելի որոշում կարող էր ընդունել միայն քաղաքական գործիչների ճնշման տակ: Վերջինս ձգտում է արագացնել տնտեսական աճը, քանի որ զգուշանում է հարկերի աճի բացասական հետեւանքներից:
Ավելի վաղ Ճապոնիայի բանկը խոստացել էր չխստացնել դրամավարկային քաղաքականությունը, քանի դեռ չի հաջողվել հաղթահարել դեֆլյացիան, որը երկարաժամկետ առումով վտանգավոր է պետության համար, քանի որ մեծացնում է պարտքային բեռը փոխառուների համար եւ խթանում է խնայողությունները, այլ ոչ թե ծախսերն ու ներդրումները: 2011թ արդյունքով Ճապոնիայում դեֆլյացիան կազմել է 0.4%:
Դեֆլյացիայի պատճառներն են խնայողությունների բարձր մակարդակը եւ յենի հուսալիությունը, որը վերջին ժամանակներս ամրապնդվում է հիմնական արժույթների նկատմամբ Եվրոպայում պարտքային ճգնաժամի եւ ԱՄՆ վարկային վարկանիշի անկման ֆոնին:
|