Համաշխարհային բանկը Հայաստանի համար 2012-2013 թվականներին 4.2 % տնտեսական աճ է կանխատեսում: ՀԲ կանխատեսումներն այսօր ներկայացրեց բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին` նշելով, որ եվրոպական ճգնաժամի լույսի ներքո տնտեսական կանխատեսումները պետք է հաճախակի թարմացվեն: Ըստ նրա` այդ աճը հնարավոր է ապահովել Հայաստանի կառավարության բարեփոխումների հաշվին:
Միաժամանակ Հափին նշեց, որ Հայաստանի բաց տնտեսությունը խոցելի է արտաքին շուկայում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ, և այդ զարգացումները կարող են ազդել երկրի տնտեսական վիճակի վրա:
ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարն այսօրվա ասուլիսում գովեց Հայաստանի կառավարության իրականացրած բարեփոխումները: Նա առանձնացրեց հատկապես սոցիալապես խոցելի խմբերին ուղղված ծրագրերը, հանքարդյունաբերության ոլորտի կարգավորմանն ուղղված օրենսդրությունը, հարկային բարեփոխումները` նշելով, որ Հայաստանի տնտեսությունում մրցակցությունն ուժեղացել է: Նա կարևոր բարեփոխում համարեց բարձրաստիճան անձանց եկամուտների հարցով զբաղվող էթիկայի հանձնաժողովի ստեղծումը:
Ի դեպ, ՀԲ-ն Հայաստանին դարձյալ վարկային միջոցներ է տրամադրել: Հաստատված երկու ծրագրերից մեկով կհատկացվի 80 մլն, իսկ մյուսով` 11 մլն ԱՄՆ դոլարի վարկ: Ընդհանուր առմամբ, այս տարի բանկի կողմից Հայաստանին հատկացվելիք վարկային ռեսուրսները կկազմեն 118 մլն դոլար, որը մեծամասամբ կուղղվի սոցիալապես անապահով խավի կենսամակարդակի բարելավմանը:
|