Անկախացման առաջին տարիներին Հայաստանի արդյունաբերությունը ոչնչացվեց: Ժամանակի ընթացքում հնարավոր եղավ որոշակիորեն վերականգնել արդյունաբերության մի փոքր՝ հանքարդյունաբերության հատվածը: Հանքարդյունաբերությունը հնարավոր եղավ վերականգնել, որովհետև այս դեպքում շուկայում հանքարդյունաբերության արտադրանքը պահանջարկ ունի անկախ ժամանակի և տեխնոլոգիաների փոփոխություններից: Եթե, ասենք, տեքստիլ արդյունաբերության դեպքում արտադրանք թողարկելուց կարևոր է մարկետինգի, գովազդի, դիզայնի ոլորտում ժամանակակից գիտական ռեսուրսների առկայություն, ապա հանքարդյունաբերության ոլորտում ամեն ինչ ավելի հեշտ է, այս դեպքում հումքի պահանջարկ կախված չէ ժամանակակից շուկայում գոյատևելու համար անհրաժեշտ գիտելիքներից:
Այս իրավիճակում հանքարդյունաբերությունը կարճաժամկետ հատվածում փրկում է տնտեսությունը կործանումից, սակայն հանքարդյունաբերությունն իր առավելությունների հետ մեկտեղ ունի մի շարք լուրրջ թերություններ, որոնք են էկոլոգիական խնդիրներն ու ռեսուրսների անվերադարձ սպառումն իր հետևանքներով: Արդյունքում հանքարդյունաբերության վրա հիմնված կարճաժամկետ տնտեսական աճին կարող է փոխարինել երկարաժամկետ տնտեսական ճգնաժամը:
Բնօգտագործման հիման վրա ստեղծած արդյունաբերության առաջացրած էկոլոգիական աղետներին առաջին անգամ ուշադրություն են դարձրել 1960-ականներին:
1968 թվականին իտալացի գործարար Պեչչեյի նախաձեռնությամբ ստեղծվեց «Հռոմեական ակումբը»: Պեչչեին հավաքեց մոտ 50 արևմուտքում ճանաչված գիտնականների, հասարակական գործիչների և գործարարների, որպեսզի քննարկեն այդ շրջանում մեծ աղմուկ հանած էկոլոգիական և տեխնիկական խնդիրները: Ակումբի անդամները պտտվեցին աշխարհի տարբեր մայրաքաղաքներով, որպեսզի կառավարությունների ուշադրությունը գրավեն աշխարհին սպասվող տեխնոլոգիական և էկոլոգիական աղետների վրա:
1970 թվականին Ջոն Ֆորեսթերը ակումբում մի զեկուցում կարդաց, որը մեծ ազդեցություն թողեց ակումբի անդամների վրա: Հետագայում այդ զեկուզման հիման վրա գրվեց մենագրությունը:
Ֆորեսթերն իր աշխատությունում գլոբալ սոցիալ-տնտեսական գործընթացներից առանձնացնում էր ամենակարևորները, հետո կիբերնետիկական մոդելավորման միջոցով կանխատեսում էր դրանց հետագա ընթացքն ու զարգացումը:
Ըստ Ֆորեսթերի՝ արդյունաբերական զարգացման շնորհիվ կենսամակարդակի բարձրացումը հետագայում մեխանիկորեն բերելու է այդ նույն կենսամակարդակի ցածրացման: Այսինքն, արդյունաբերական զարգացման միջոցով աղտոտվում է շրջակա միջավայրը, որը ազդում է բոլորի վրա, սպառվում են բնական ռեսուրսները և արդյունքում ստանում ենք կյանքի ցածր որակ ու կենսամակարդակի ցածրացում:
Ճիշտ է, հետագայում ֆորեսթերի շատ կանխատեսումներ հերքվեցին, բայց հիմնական գաղափարն արդիական է մինչև այժմ՝ էկոլոգիայի վնասների հիման վրա ձևավորած տնտեսական աճը որոշ ժամանակ անց բերում է կենսամակարդակի անկման:
Ֆորեսթերի կանխատեսումներն առավել քան արդիական են նաև Հայաստանի համար: Այժմ, երբ անկախությունից 20 տարի անց, Հայաստանի տնտեսությունը դեռ շարունակում է հիմնվել հանքարդյունաբերության վրա, ժամանակն է, որ գիտակցենք ապագա տնտեսական հետևանքներն ու քայլեր ձեռնարկենք առանց էկոլոգիական վնասների տնտեսություն ստեղծելու համար:
|